Համաներման դեպքում, երկրի նախագահը 24 ժամվա ընթացքում է որոշման նախագիծն ուղարկում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով եւ կառավարություն, որից հետո այն արտահերթ ընդգրկվում է ԱԺ-ի հերթական քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հավանական համաներմանը:
Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, որ ԱԺ կանոնակարգի 36 հոդվածով` օրակարգում կա պարտադիր քննարկվող հարց եւ դրա մեջ մտնում է նաեւ համաներում հայտարարելու Հանրապետության նախագահի առաջարկությունը: «Իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկումը տեղի է ունենում դռնփակ նիստում»,- ասաց Դավիթ Հարությունյանը եւ ավելացրեց, որ ինքն այս պահին նման տեղեկություն չունի, իսկ եթե ունենար էլ, ապա չէր կարող ասել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22-րդ տարեդարձի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով։ Այս մասին գրել էր «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելել. «Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերեւս հոկտեմբերի սկզբներին։ Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին։ Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները»: Սպասվող համաներումը եւ, ըստ թերթի աղբյուրների, բավական ընդգրկուն է լինելու։ Այդ մասին առայժմ պաշտոնապես չի ասվում։ Փաստաթուղթը կհրապարակվի խորհրդարան ուղարկվելուց հետո, վերջին պահին միայն, երբ այն կդրվի քննարկման եւ քվեարկության, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2009-ին»,– գրել էր «Հայկական ժամանակը»:





























