18-ամյա Արթուր Նաղդալյանը հաշիվներ պարզելու ընթացքում դանակահարել է արձակուրդ վերադարձած ժամկետային զինծառայող երկվորյակ եղբայրներից մեկին: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 18-ամյա Արթուր Նաղդալյանը, ընկերոջ` 18-ամյա Գեւորգ Մանուկյանի հետ, իրենց եւ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող, կարճաժամկետ արձակուրդով տուն վերադարձած, երկվորյակ եղբայրներ` Հովհաննես եւ Հակոբ Մանուկյանների միջեւ տեղի ունեցած վիճաբանության պատճառների պարզաբանման նպատակով, հանդիպել են Ավան Աճառյան փողոցի 22 շենքին հարող ճանապարհահատվածում, որտեղ շարունակել են վիճաբանել, միաժամանակ փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Արթուր Նաղդալյանը գնացել է Ավան Աճառյան փող 34 հասցեում գործող մթերային խանութ եւ վերցնելով խոհանոցային դանակ` վերադարձել է հիշյալ շենքին հարող տարածք, որտեղ տեսնելով վիճաբանությունը շարունակող Մանուկյան եղբայրներին եւ Գեւորգ Մանուկյանին, դանակով հարվածել է Հակոբ Մանուկյանի աջից գոտկային շրջանին:
Վնասվել է Հակոբի աջ երիկամը, նա կյանքին վտանգ սպառնացող վնասվածք է ստացել:
Արթուր Նաղդալյանի դեմ քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար):
Այն պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Գեւորգ Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել 34-101 հոդվածի 1-ին մասով եւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակել հաշվի առնելով անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
Արթուր Նաղդալյանի խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ստացվել սեպտեմբերի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























