49-ամյա Գենադի Մելիխովը հարբած վիճակում թակել է հարեւանների դռները, անհասցե հայհոյել, կոտրել մուտքի ապակին եւ հարեւանուհու ծաղկամանները: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 49-ամյա Գենադի Մելիխովը, բնակվելով Նոր Նորքի 5 զանգվածում եւ գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, դրսեւորել բացահայտ անհարգալից վերաբերմունք շենքի բնակիչների նկատմամբ:
Նա անհասցե հայհոյանքների ուղեկցությամբ թակել է բնակիչների դռները եւ միաժամանակ կոտրելով ոչնչացրել 5-րդ հարկի ընդհանուր միջանցքում դրված, բնակչուհի Լաուրա Ս.-ին պատկանող 10 հատ ծաղկամանները, վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 150.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով (խոիլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























