Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները օրեր առաջ հերթական նամակն են ուղարկել Հակոբին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի ազգական Նորիկ Ինջիղուլյանը: Նա նաեւ նշեց, որ նամակի պատասխանը դեռ չեն ստացել:

«Ասել են, որ 4 շաբաթ պետք է սպասենք: Նրանց ասելով 4 շաբաթից են այս հարցով բանակցությունները նորից սկսելու: Ծնողները որդու վերադարձի ակնկալիքով սպասում են: Հարեւանները բարեկամները գնում-գալիս են, մենակ չեն թողնում»,- ասաց Նորիկ Ինջիղուլյանը եւ ավելացրեց, որ Հակոբից եկած նախորդ նամակն էլ, որտեղ նշվում էր, թե լավ է, ֆաքսով ուղարկված նամակ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հետ: Վերջինս նամակ էր փոխանցել ընտանիքին: Արման Ինջիղուլյանը հայտնել էր, թե Հակոբը նամակում գրել է, որ իրեն լավ է զգում, բուժզննում է անցել: Իսկ վերջում գրել էր. «Ձեր սիրելի Հակոբ ջան»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն օգոստոսի 20-ին Կարմիր Խաչին հաջողվել է հանդիպել հայ ռազմագերուն: