Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի գործն արդեն հանգուցալուծվել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ գործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ կա մեկ մեղադրյալ՝ Արտակ Բուդաղյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ «Թե ինչ հանգուցալուծում կունենա այդ գործընթացը, ես չեմ ուզում գուշակել, որովհետեւ մի անգամ փորձեցի իմ կարծիքը հայտնել, անվանեցին դա ցինիզմ, ավելի լավ է չխոսեմ, որովհետեւ ինչ ասես, կարող են քեզ հակադարձել, ինչ ձեւով ցանկանան։
Որպես մարդ՝ ես գտնում եմ, որ եղբայրը մահացել է, ընտանիքի մյուս անդամին դատապարտելը սխալ կլինի։ Որպես իրավաբան, որը ծանոթ է գործի նյութերին, պետք է ասեմ, որ իր մեծ մեղքը կա եղբոր մահվան մեջ։ Եղբայրն իրեն ասում էր՝ մի արա: Արտակն իր ցուցմունքում այդ մասին գրել էր, ասում է՝ եղբայրս ինձ ասում էր. «Արտակ, մի արա, ամեն ինչ նորմալ է», ես իրեն ասում էի. «Սա՞ է նորմալը», որովհետեւ դիմացիները՝ Խաչատրյանները, իրենց լավ չէին պահում»: Նա պաշտպանվում է, եղբայրը մահացել է իր պատճառով, ինչո՞ւ վերցրեցիր զենքդ եւ գնացիր»,- ասաց Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ որեւէ նշանակություն չունի, որ Արտակ Բուդաղյանի զենքում փամփուշտ չի եղել, իր եղբայրը փորձում է խլել ձեռքից զենքը, ինչը վկայում է այն մասին, որ Ավետիք Բուդաղյանը վախենում է, որ եղբայրը կկրակի։
Փսատաբան Ռուբեն Սահակյանը գործի հետ կապված կցանկանար բողոք ներկայացնել, մի քանի եզրահանգումների, վերլուծությունների հետ համաձայն չէ, բայց չի ուզում ներկայացնել, որպեսզի ջուր չլցնի Հայկ Ալումյանի ջրաղացին։ Նա նշեց, որ այս գործում լիքը թերություններ կան, որոնցից Հայկ Ալումյանը դեռ տեղյակ չէ, բայց դրանցից ոչ մեկ չի ազդի գործի վրա։
Ինչ վերաբերում է դատարանում բանավիճելու Ալումյանի պատրաստակամությանը, ապա փաստաբանը չի գնա դրան։ «Ես ուզում եմ հարցնել պարոն Ալումյանին, ինքը իր փաստաբանական պրակտիկայի ընթացքում եղե՞լ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, գործը չհասնի դատարան, ինքը ասի. «Մի դադարեցրեք հետապնդումը, թող գործը հասնի դատարան», աբսուրդ է։ Ես չեմ պատրաստվում իր հետ դատարանում բանավիճել, աբսուրդ կլինի ես նման բանի համաձայնեմ։ Եթե Ալումյանը նման դեպք ունեցել է, ես կհամաձայնեմ իր հետ, ո՞նց կլինի, եթե մարդը հանցանք չի կատարել, իր գործը մտցնենք դատարան։ «Պարոն Ալումյան, եթե դուք գտնում եք, որ գործը պետք է մտնի դատարան, բանավիճենք», բայց պարտադիր չէ Տիգրան Խաչատրյանը, ցանկացած այլ անձ, ում նկատմամբ գործը կարճվել է, ասում ենք նրան անհիմն մեղադրա՞նք առաջադրեք, մտցրեք դատարան, որպեսզի մի փաստաբան կարողանա ձեզ հետ բանավիճե՞լ: Ո՞րն է տրամաբանությունը Ալումյանի այս խոսքերի, սա իրավաբանի ասած խո՞սք է»:
Ինչպե՞ս համաձայնեց ստանձնել Սուրեն Խաչատրյանի որդու պաշտպանությունը եւ ի՞նչ ռիսկի գնաց փաստաբանը
Այս գործով հաջողության հասնելու գրավականը, փաստաբանի փոխանցմամբ, սկզբունքային, հետեւողական եւ տակտիկական պայքարն է։ «Ես հնարավորինս լռում էի, թույլ էի տալիս, որպեսզի հնարավորինս Հայկ Ալումյանը մաղձը թափի։ Իմ վստահորդը ասում էր՝ խոսա, խոսա, ես էլ ասում էի՝ ինչի խոսամ, թող սպառի իրեն»,- նշեց նա:
Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե զինդատախազ Գեւորգ Կոստանյանին Սուրեն Խաչատրյանը չորս միլիոն դոլար կաշառք է տվել, փաստաբանն այսպես արձագանքեց. «Այդ գրողը ուղեղ ունի՞, թե՞ անուղեղ է: Արա դու էնտե՞ղ ես եղել, իր գրպանում, իր մատների խաղալիքն ես եղել, որ մատներով խաղացել, է, դու էլ լսել ես»։
Ազատ արձակվելուց հետո նա իր պաշտպանյալին՝ Տիգրան Խաչատրյանին, չի տեսել, չի բացառված, որ կտեսնի։ Սուրեն Խաչատրյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու համար չի եկել, այցելել է, խնդրել է ասուլիսին մասնակցել, «իհարկե, նա գոհ է իմ աշխատանքից, ես կարծում եմ»։ «Ես զգացել եմ, որ ինքն էլ է զուսպ մարդ, իմ նման, նա ինձ հետ էմոցիաներով չի խոսում։ Ես այս գործով տեսել եմ շատ-շատ մարդիկ, որոնք իր մասին լավն են ասում, իհարկե, վատ ասողը շատ ավելի շատ է, բայց լավ ասող մարդիկ նույնպես շատ են»։
Պաշտպանությունը իրականացնելիս տարաձայնություններ չեն եղել Սուրեն Խաչատրյանի հետ: «Ես միշտ վստահորդին ասում եմ. «Ես եմ որոշում, ես եմ իրավաբանը եւ սխալը իմ սխալն է»։
Փաստաբանը չի զղջում, որ վերցրել է Խաչատրյանների պաշտպանությունը։ Նրա գնահատմամբ՝ սա պրիմիտիվ գործ էր, առկա էր ժապավեն եւ ձայնագրություն, բայց տաժանակիր աշխատանք էր, որպեսզի կարողանաս դիմակայես այս վայրահաչումներին։ Ռուբեն Սահակյանի փոխանցմամբ՝ եթե նույնիսկ ինքը Բուդաղյաններին պաշտպաներ, նրանք չէին հաղթի, քանի որ, իր իսկ խոսքով, տեսաժապավենը խախտում է։
Իսկ թե ինչպես ազդեց Խաչատրյանների պաշպանությունը նրա հեղինակության վրա, ինչ ռիսկերի դիմեց փաստաբանը, չէ՞ որ նրա հայտարարություններից հետո շատ քննադատություններ էին հնչում, Ռուբեն Սահակյանն ասաց. «Ես պատասխանեցի դրանցից մեկին՝ անվանելով լածիրակ, ասելով, որ ես պաշտպանել եմ զանազան մարդկանց։ Սահակյան Ռուբենն է գնացել Սումգայիթ՝ պաշտպանելու, 1988թ հոկտեմբերին, տասնչորս օրով, 54 ռուբլի գործուղում ստանալով...։ Սա առաջին գործը չի, որ ինձ քննադատել են, եթե այդպես լինի, ես գործ չպետք է վերցնեմ։ Ճիշտն ասած՝ չգիտեի, որ այդքան բան կա Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, ուղղակի հասարակությունն այսօր շատ վրդովված է ամեն ինչից, հետեւաբար պարտադիր չէր, որ Սուրիկ Խաչատրյանը լիներ, ինչ-որ ոչ միանշանակ ընկալվող մեկը լիներ, նույնը կլիներ։ Բայց երբ որ ինչ-որ մեկն ինձ ասում է, որ դու 40 արծաթի համար գնացել ես այդ բանին, ես թքած ունեմ նրա վրա: Նա ո՞վ է, որ ինձ գնահատի, քառասուն չի արծաթը, երեսուն է, եթե արծաթի մասին է խոսքը։ Մի բան իմացեք, մենք ունենք ավելի վայրագ հանցագործություններ»։
Ռուբեն Սահակյանը շեշտեց, որ փաստաբանը կոչված է պաշտպանելու: «Ճիշտ է՝ շատ դժվար կլինի, դու կզգաս հայացքները, դու կզգաս, որ մարդիկ քեզ քննադատում են, փնովում են, բայց դա քո կոչումն է, այդ դեպքում բժիշկը չպետք է վիրահատի այդ նույն ստահակին, եթե նա ստացել է ծանր մարմնական վնասվածք: Կընդունե՞ք դա, ոչ, որովհետեւ նա երդում է տվել եւ դա իր աշխատանքն է, ես էլ եմ երդում տվել»։
Փաստաբանը Սահակյանը բացահայտեց նաեւ, թե ինչպես եւ ինչու ստանձնեց Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը եւ ինչի որոշ ժամանակ չէր հայտնում այդ մասին։ «Եկավ իմ աշակերտը, որի կայացման հարցում մեծ լումա ունեմ, որ դառել է լավ իրավաբան, թոշակի է հիմա եւ խնդրեց, որ ստանձնեմ պաշտպանությունը եւ ստանձնեցի։ Ես Սուրեն Խաչատրյանի հետ չեմ պայմանավորվել»,-ասաց նա։
Ռուբեն Սահակյանը՝ իր եւ Հայկ Ալումյանի հարաբերությունների մասին
Գործի քննության ընթացքում թե Ռուբեն Սահակյանը, թե Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը ասուլիսներով հանդես եկան, միմյանց հասցեին ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ, երբեմն՝ վիրավորանքներ հասցրին։ Այս ամենը, Ռուբեն Սահակյանի կարծիքով, չի ազդի իրենց հարաբերությունների վրա։
«Ես հարգում եմ Ալումյանի պոֆեսիոնալիզմը, ես վատ եմ զգում, որ կարելի է ասել բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Չէ՞ որ տեսանյութը մարդիկ տեսնում են իրենց աչքով, եւ կարող եմ ասել, որ բոլորը նույնն է։ Ինչի՞ ես դու տեսանյութի հետ կապված սխալներ տարածում, չէ՞ որ դա բոլորը տեսնում են, Արդյոք տեսանյութում երեւո՞ւմ է այն, ինչ-որ ասել է Ալումյան Հայկը, ոչ, չի երեւում»,- ասաց նա:
Գործի քննության ընթացքում նրանք չեն հանդիպել, կարծիքներ են փոխանակել լրատվամիջոցների միջոցով, դրանից բացի գործի ընթացքում Հայկ Ալումյանը երկու անգամ զանգահարել է նրան մեկ այլ գործի հետ կապված։ «Շատ ջերմ հարաբերություններ ունենք, եւ մեր հարաբերությունները նորից կմնան նույնը։ Իրականում, երեւի ինչ-որ մի դրդապատճառ կա, որ իրեն ստիպում է իրեն այդպես պահել, որը ես չէի անի երբեք։ Նա չպետք է Բուդաղյանների կարծիքները տիրաժավորեր մամուլի միջոցով, այլ պետք էր ասել, որ պարոնայք Բուդաղյաններ, հայր ու որդի,չի կարելի նման բան ասել։ Չեմ կարող ձեր թեզը պաշտպանել, որովհետեւ դա իրականությանը չի համապատասխանում։ Ալումյանը գիտի, որ իր վստահորդի հայրը դիմել է հանրապետության նախագահին, չեմ կարծում, որ դրանից առաջ չի խորհրդակցել, պարոն Ալումյանը պետք է մի քանի բան խորհուրդ տար, որ եկեք նախագահին չդիմենք, անհարմար է, ձեզ վատ վիճակի մեջ չդնենք»։





























