ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ հրամանագիր էր ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել ենք  հանձնաժողովի անդամները դեռեւս հստակ չգիտեն` ինչ են բարեփոխվելու եւ ինչպես: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ի՞նչ բարեփոխումներ է իրականացնելու ձեւավորված հանձնաժողովը: Ի պատասխան՝ նա ասաց. «Եթե այս պահին հանձնաժողովի անդամներից մեկը իմանար՝ ի՞նչ է բարեփոխվելու, տրամաբանական կլիներ, որ նախագահը ոչ թե հանձնաժողով կստեղծեր, այլ՝ արդարադատության նախարարին կհանձնարարեր բարեփոխումներ իրականացնել:

Երբ հանձնաժողով է ստեղծված, նշանակում է, որ այն կոլեգիալ մարմին է եւ որոշումներ կկայացնի, որոնց մասին դուք տեղյակ կլինեք: Այս պահին ինչ-որ հնարավոր համարելուն կամ չհամարելուն անդրադառնալ չեմ կարող: Ես ունեմ իմ կարծիքը, բայց այդ կարծիքը ես չեմ հրապարակի: Կա հանձնաժողով, որը կհրապարակի»:

Բարեփոխման օբյեկտը, փաստորեն, կորոշվի ընթացքում, իսկ հանձնաժողովի նպատակը, Հրայր Թովմասյանի խոսքով՝ մեկն է. «Նպատակը շատ հստակ նախագծի հրամանագրի նախաբանում գրված է՝ իրավունքի գերակայության, իրավունքների առավել արդյունաետ երաշխիքներ, առավել արդյունավետ կառավարում»»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):