Ապարան քաղաքի վարչական սահմանը կընդլայնվի՝ ի հաշիվ հարեւան Վարդենիս եւ Նիգավան գյուղերի: Այդ նպատակով փոփոխություններ կկատարվեն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Այդ հարցն արդեն իսկ ներառվել է ՀՀ Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգում:
Վարդենիս համայնքից կվերցնեն 180 հա, իսկ Նիգավանից՝ 760 հա; Այդ գյուղերն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը: Այդ հողերն արոտավայրեր են, որոնք ներկայում վարձակալությամբ օգտագործվում են ապարանցիների կողմից;
Նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեւազ, Զառիթափ եւ Արտավան գյուղական համայնքների վարչական սահմաններում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Զառիթափ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի մի մասը հանդիսանում է Գնդեւազ համայնքի բնակիչների սեփականությունը եւ սեփականաշնորհման օրվանից առ այսօր օգտագործվում է նրանց կողմից: Այդ կապակցությամբ Զառիթափ համայնքը տվել է իր համաձայնությունը 38.8 հա հողամասը Գնդեւազ համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:





























