NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի ձորում 72-ամյա կնոջ դիակի հայտնաբերման դեպքի առթիվ: Ակունքի գյուղապետ Հունեն Ռուբենյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մահացողը իր ընտանիքի հետ գնացել էր սարատեղ, որտեղ նաեւ անասուն են պահում, թոռան տարեդարձը նշելու: Ճանապարհին վերադառնալիս մեքենայում եղել են կինը, ամուսինը ու որդին:

«Մեքենան փչացել է, կանգնել են, իջել են, որ գնան պահեստամաս գտնեն, բերեն սարքեն, մութ է եղել, սարքել, քշել, եկել են, ճամփին նկատել են, որ կինը չկա, վերադարձել են, բայց նրան չեն գտել: Կինը քայլել չէր կարողանում, հիվանդ էր, հոդային խնդիրներ ուներ: Նա  ոտքով կարճ ճամփով իջել է, Զառ գյուղի գերեզմանոցի մոտ է հասել, երեւի ընկել է, խփել է քարին, մահացել է»,- պատմեց գյուղապետը:

Նա նշեց, որ կինը 5 որդի ունի, մեկ դուստր, թոռներ: Գյուղապետը նշեց, որ իրենք միշտ կատակով ասում էին, թե դատավորի ազգականն են, քանի որ մահացողի եւ Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ազգանունը նույնն է` Ուզունյան, երկուսն էլ արմատներով Շամշադինից են, բայց իրար հետ շփում չունեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի ձորում, սեպտեմբերի 11-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանները հայտնաբերել են տարեց կնոջ դի (ս.թ սեպտեմբերի 9-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ակունք գյուղի վարելահողերում ոստիկանները հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 72-ամյա Պ. Ու.-ի դին:

Հրշեջ-փրկարարները մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: