Հայաստանի նախագահն այնքան խոհեմություն ունի, որ ճիշտ որոշում կկայացնի Գլխավոր դատախազի հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը` չցանկանալով կանխատեսել, թե նախագահը Գլխավոր դատախազի պաշտոնում նորից կառաջադրի Աղվան Հովսեփյանին, թե նրան կփոխարինի մեկ ուրիշով:
Իսկ թե ում կցանկանար տեսնել Անդրանիկ Միրզոյանը Գլխավոր դատախազի պաշտոնում, նա նշեց. «Իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի: Ես մեկ այլ մարդու չեմ տեսնում, բացի այսօրվա գլխավոր դատախազից: Դա նախագահի որոշելիքն է, բայց ես, որպես մասնագետի, կարծում եմ, որ այդ պաշտոնին հարկավոր է պրոֆեսիոնալ լինի»:
Ինչ վերաբերում է շրջանառվող մյուս հավանական թեկնածուների անուններին` Դավիթ Հարությունյան, Արթուր Բաղդասարյան, Երեւանի գլխավոր դատախազ, ծագումով արտաշատցի Հրաչ Բադալյան, Անդրանիկ Միրզոյանը դժվարացավ ասել, թե արդյոք նրանք արժանի թեկնածուներ են, թե՝ ոչ: «Իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի, դա հանրապետության նախագահի որոշելիքն է: Ես երկրորդ մարդու չեմ տեսնում»,- ասաց ՀՔԾ նախկին պետը:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը։ Լրատվամիջոցներում շրջանառվում են հավանական թեկնածուների մի շարք անուններ` Դավիթ Հարությունյան, Միհրան Պողոսյան, Հրաչ Բադալյան, Արթուր Բաղդասարյան եւ այլք:





























