Աղմուկ հանած ապօրինի ֆինանսական բուրգի քննությունը ոստիկանությունից տեղափոխվել է  Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության  գործը քննության է փոխանցվում այն դեպքում, երբ գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձիք են  ներգրավված լինում:

Հիշեցնենք, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը արձագանքելով աղմուկ հանած գործին  եւ հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվա՞ծ են այդ գործում, նա պատասխանել էր, որ եթե նման բան լիներ, ապա քրեական դատավարության օրենսգրքի համաձայն համապատասխան վայրում համապատասխան մարմինները կզբաղվեին այդ գործով: «Իսկ, եթե եղել են իքս մարդիկ, որոնց ես չեմ էլ իմանում, իրենք ոչ մեկից, ոչ կարմիր արյուն ունեն, ոչ էլ սպիտակ երես, որ տարբերություն դնենք»,- արձագանքել էր Աշոտ Կարապետյանը: Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր, որ մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու: «Ըստ հաղորդման՝ Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել եւ ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար»: Միաժամանակ թերթը գրել է, որ այս գործը այնքան աղմկոտ է լինելու եւ այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար: