Պռոշյան գյուղի դպրոցում նախօրեին ռումբ է հայտնաբերվել եւ մինչեւ հիմա չի պարզվել, թե այդ ռումբը երբ եւ ով է տեղադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Աննա Մկրտչյանը:

Նա պատմեց, որ դպրոցում վերանորոգման աշխատանքները կատարելիս բանվորն է տանիքում ռումբը հայտնաբերել: Անմիջապես զանգահարել են գյուղապետին, տագնապ են հայտարարել ու տեղահանել աշակերտներին:

«ԱԻՆ-ից, ոստիկանությունից եկան վնասազերծեցին: Ասում են թարմ տեղադրված ռումբ է: Այսինքն` 20 տարի առաջ չի տեղադրվել: Այդունահդերձ, տարածքը վնասազերծեցին եւ ստուգեցին, հիմա անվտանգ է: Կարող է՝ մտածել են անվտանգ տեղ է, բերել դրել են դպրոցի տանիքում, բայց շատ կարճ են մտածել»,- ասաց դպրոցի տնօրենը:

Նա նաեւ ասաց, որ տագնապը աշակերտների հաճախելիության վրա չի ազդել եւ դպրոցի դասերը ընթանում են սովորականի պես: