Կարեւոր է, որ Գերմանիայի Բունդեսթագում իրական եւ հստակ տեղեկատվություն եւ պատկերացումներ լինեն Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց առանձնահատկությունների մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է Յուրգեն Կլիմկեի այցը Լեռնային Ղարաբաղ եւ նշել, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերություններին, քննարկել միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորվել է պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ սերտ աշխատանքը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, կարեւորելով երկկողմ կապերի խորացումը, անհրաժեշտ է համարել ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովների միջեւ համագործակցությունը:
Արտակ Զաքարյանը կարեւորել է նաեւ Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար պետության դերը ՀՀ-ԵՄ երկխոսության հետագա զարգացման գործընթացներում: Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու խնդրին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հիմնավորել է կայացված որոշման գործոնները եւ հանգամանալից պատասխանել է հյուրերի հարցերին:
Խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից՝ ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն նշել է, որ Գերմանիան կարեւորում եւ աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:



























