Եկավ սեպտեմբերը եւ կրկին օրական երկու անգամ՝ ժամը 9-ին եւ 14-ին, Երեւանի էլիտար համարվող դպրոցների մոտ մեքենաների խցանումներ են: Իսկ այդ դպրոցները գտնվում են աշխոիյժ եւ քաղաքի երթեւեկության համար կարեւոր փողոցներում. Չեխովի անվան դպրոցը՝ Բաղրամյան պողոտայում,Պուշկինի անվան դպրոցը՝ Մոսկովյան փողոցում, Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը՝ Տերյանի փողոցում:
Վերջին տարիներին Տերյանի ոչ լայն փողոցում երթեւեկությունը մեծացել է գրասենյակների ու էլիտար շենքերի պատճառով, որոնք գտնվում են ոչ միայն այդ փողոցում, այլեւ հարեւան՝ Կորյունի, Բայրոնի փողոցներում եւ Հյուսիսային պողոտայում: Դրան ավելանում է նաեւ դպրոցական պիկ ժամերը:
Հատկանշական է, որ այդ դպրոցներից որեւէ մեկի մոտ չի արգելվում մեքենաների կայանումը, սակայն, ինչպես պարզաբանել են «Երեւաննախագիծ» ինստիտուտում, դպրոցն իրավունք ունի քաղաքապետարանի հետ միասին արգելել մեքենաների կայանումը 100 մետր շառավղով:
«Օտար երկրներում ես ականատես եմ եղել նման պրակտիկայի, որը շատ է օգնում տրանսպորտի երթեւեկության ճիշտ կազմակերպմանը: Ավելին, գործող օրենսդրությամբ դրա իրավունքն ունեն եւ դպրոցները, եւ քաղաքապետարանը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր հատակագծի բաժնի պետ Պետրոս Սողոմոնյանը:
Այլ խոսքով՝ պարտադիր չէ, որ հոգատար ծնողը ՋԻՊ-ով մոտենա դպրոցի հենց մուտքին, կարելի է կանգնեցնել մեքենան կես կանգառ հեռու եւ երեխայի հետ միասին ոտքով մոտենալ դպրոցին:





























