«32 ատամը» չի տեղափոխվում այլ հեռուստաընկերություն, շարունակելու է եթեր հեռարձակվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակումբի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը։ «Ոչ, «32 ատամը» ուրիշ ալիքով եթեր չի գնալու»,- նշեց նա։
Գլխավոր պրոդյուսերը չցանկացավ բացել փակագծերը, նա ընդամենն ասաց, որ «32 ատամի» թիմը նոր պրոյեկտներ է անում, որոնք շատ շուտով կտեսնենք եթերում։ «Բոլոր հեռուստաընկերություններն էլ մեզ համար գործընկերներ են, բացառությամբ մի հեռուստաընկերության, «Լիդերն» է ու մեկ էլ «Day.az-ի հետ չենք աշխատում»,- ասաց նա։
Նշենք, որ «ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «32 ատամ» ակումբի հաղորդումներն այսուհետ եթեր են հեռարձակվելու Հանրային առաջին ալիքով: Իսկ Հ1–ի նոր եթերաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 22-ից։ Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Ժողովուրդ»–ը գրել էր, որ «32 ատամ» ակումբը հեռանալու Է «Արմենիա» հեռուստաընկերությունից։ Սակայն ակումբի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում հերքել Էր այդ տեղեկությունը։ «Ժողովուրդը» կրկին դիմեց Բաբաջանյանին՝ ճշտելու՝ «32 ատամ»–ը եթեր հեռարձակվելու Է Հ1-ով թե ոչ, սակայն նա կրկին հերքեց. «Ձեր տեղեկությունները սխալ են։ Առաջիկայում կիմանաք»»,–գրել է թերթը։





























