Վրաստանում վթարի ենթարկված  հայտնի հաղորդավար Արամ Չախոյանը եւ նրա ընկերը՝  Էդուարդ Սարգսյանը, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը։

Նա նշեց, որ երկուսի վիճակն էլ լավ է, դեռ պետք է լիարժեք ապաքինվեն։  Էդվարդ Սարգսյանի մոտ առկա է ձեռքի կոտրվածք,  իսկ Արամ Չախոյանը դեռ չի կարողանում քայլել։ Բժշկի խոսքով՝  20-25 օրից հաղորդավարը կկարողանա քայլել։ Կարեն Մանուկյանն նաեւ ասաց, որ թեեւ նրանք դուրս են գրվել, բայց անընդհատ բժիշկների հսկողության ներքո պետք է լինեն եւ ժամանակ առ ժամանակ կգան հիվանդանոց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ը օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն էր ստացել, թե Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 համարանիշերի ավտոմեքենաները:

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Երեւանի «Շտապօգնության» մեքենան մեկնել էր սահման, դիմավորել նրանց եւ բերել Երեւան: Նրանք հրավիրված էին մասնակցելու օգոստոսի 22-24-ը Վրաստանում կայանալիք Միջազգային երաժշտական փառատոնին։: «Ես քնած էի հետեւի նստատեղին, հարվածի պահը չեմ հիշում, ուշքի եկա արդեն, երբ մեքենայից հանել էին»,-մեզ հետ զրույցում պատմել էր Արամ Չախոյանը։