Կնոջը ծեծած, դանակով սպանելու սպառնալիք տված եւ ծխախոտի այրվող գլանակը սեղմելով նրա ճակատին հանգեցրած  43-ամյա Ռազմիկ Պապոյանին մեկ ամսով կալանավորել են: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Ռազմիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Գոհար Պ.-ի հետ, որի ընթացքում, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը հանգցրել նրա ճակատին, կնոջ առողջությանը պատճառել  միջին ծանրության վնաս:

Գոհար Պ.-ն պատմել է, որ ամուսնու հետ  համատեղ կյանքից ունեն երեք երեխա: Մոտ մեկ տարուց ավելի է ամուսնու հետ վիճաբանելուց հետո գնացել է գյուղ՝ հոր տուն, եւ բնակվել այնտեղ: Հայրական տան բնակվելով, Գոհարն աշխատել է հացի փռում եւ Ռազմիկը իրեն խանդելով ասել է, թե ինչու է առանց իր համաձայնության աշխատել եւ անընդհատ պատճառներ է փնտրել վիճաբանելու: Ամիսներ անց, Գոհարը կրկին վերադարձել է Վանաձոր:

Մի օր էլ, երբ կինը, երեխաները եւ Ռազմիկի մայրը` Հասմիկը, տանն են եղել, տուն է գնացել ամուսինը հարբած վիճակում, սկսել է վիճաբանել մոր հետ եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել մոր հասցեին: Դրանից հետո Ռազմիկը կնոջը ստիպել է միասին գնալ խանութ, որտեղից մեկ շիշ օղի են գնել եւ վերադարձել տուն ընթրելու:

Ընթրելու ժամանակ Ռազմիկն սկսել է վիճաբանել կնոջ հետ՝ հայտնելով, թե ուր է եղել այդքան ժամանակ, ինչի համար է իր աշխատողների հեռախոսահամարները իր հեռախոսում գրանցված եւ սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Հետո ձեռքերով եւ ոտքերով հարվածել է Գոհարի մարմնի տարբեր մասերին, ապա վառված ծխախոտի գլանակը հանգցրել նրա ճակատին, հետո գնացել է խոհանոց եւ այնտեղից բերել է խոհանոցային դանակը, դրել կոկորդին եւ սպառնացել, որ կսպանի:

Շուրջ մեկ ժամ տեւած վիճաբանության ընթացքում Ռազմիկը պարբերաբար հարվածել է կնոջը: Բացի այդ, ամուսինը մոտ 8-9 տարի է հաշվառված է Լոռիի մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում:

Վերջին միջադեպից հետո, կինը ոստիկանությունից պահանջել է, որ  Ռազմիկ Պապոյանն իր առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ենթարկվի քրեական պատասխանատվության, նրա հետ հաշտվելու որեւէ միտում չունի:

Քննելով գործը, դատարանը վճռել է Ռազմիկ  Պապոյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել կալանքի 1 ամիս ժամկետով: