26-ամյա Էդգար Ա.-ն ընկերուհու հետ գնացել է ռեստորան, վեճի բռնվել պարուհու հետ եւ հայտնվել դատարանի առջեւ:

Գործի նյութերի համաձայն՝ Էդգար Ա.-ն մեղադրվել է  այն բանում, որ ալկոհոլային հարբածության վիճակում, ընկերուհու` Աննա Տ-ի եւ ընկերոջ Աշոտ Ղ-ի հետ, գնացել է Վանաձոր քաղաքի «Դեղձանիկ» բար-ռեստորան, որտեղ հաշվի չառնելով նախկինում իր վատ վարքագծի պատճառով ռեստորանի աշխատակից Հռիփսիկ Կ-ի` ռեստորանի տարածքն ազատելու մասին իրեն ուղղված պահանջը, ռեստորանի դահլիճում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Նա սկսել է փնտրել ռեստորանի տնօրենին եւ նրան չգտնելով, դահլիճում հաճախորդների սեղանի մոտ, սկսել է վիճել պարուհի Լուսինե Ա-ի հետ, շուրջ 40 րոպե խախտելով հասարակական կարգը, խափանել է բար-ռեստորանի բնականոն աշխատանքը, որի արդյունքում դադարեցվել է երգ-երաժշտությունը, հաճախորդների մի մասը հեռացել են ռեստորանից եւ միացվել են սրահի լույսերը:

Հաստատության աշխատակից Հռիփսիկ Կ-ի եւ երգչուհի Արեւիկ Գ-ի կողմից ռեստորանից հեռանալու մասին Էդգար Ա-ին ուղղված բազմաթիվ հորդորներից հետո նա հեռացել է ռեստորանից:

Քննելով գործը դատարանը վճռել է Էդգար  Անտինյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել տուգանքի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50 հազար դրամի չափով: