Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեթ Բաղիշը Ստամբուլ քաղաքում ընդունել է Թուրքիյաում Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, որն անցյալ շաբաթ Վան գավառի Աղթամարի եկեղեցում անց էր կացրել եկեղեցական Սուրբ Պատարագ, հայտնում է Ամերիկայի Ձայնը։Արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով նրան այս դիրքում 2008 թվականից փոխարինում է Աթեշյանը:

Նա լրագրողներին ասել է, թե անցած տասը տարիների ընթացքում Թուրքիայում փոքրամասնություններն ականատես են եղել մեծ փոփոխությունների։ Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը։ «Մենք ստացել ենք կրոնական հավելյալ ազատություններ, վերադարձվել են առգրավված անշարժ գույքն ու ֆինանսական միջոցները։ Եկել եմ ասելու, որ լայն հնարավորություններ են բացվել մեր դպրոցների ու պաշտամունքի վայրերի համար, ասելու, որ մենք այլեւս երկրորդ կարգի քաղաքացիներ չենք եւ այլեւս չենք լինելու ապագայում»,- ասել է Աթեշյանը՝ այցելելով Դիարբեքիրի գավառում գտնվող իր հայրենի Սիլվան քաղաքը՝ պատմական Նփրկերտը։Նշենք, որ այս քաղաքը համարվում է Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ մայրաքաղաքի երկու հնարավոր վայրերից մեկը ։ «Ես հեռացել եմ Սիլվանից՝ աչքերս արտասուքով լցված, վերադառնում եմ ժպիտը երեսիս»,- մեջբերում է  Աթեշյանին «Հուրիեթ»-ը՝: 

Նախարար Բաղիշն հայտնել է, թե ինքն անձամբ էր ուզում Աթեշյանից լսել հայրենի քաղաք կատարած պաշտոնական այցի մասին Պատրիարքի տպավորություններն ու ավելացրել, թե՝ «Աթեշյանը եղել է այս տարածաշրջանում իրականացված փոփոխությունների ականատեսը»։ Իր ճամբորդության ընթացքում Աթեշյանը պատարագ է մատուցել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, որին մասնակցել են Դիարբեքիրի քաղաքագլուխ Օսման Բայդեմիրը եւ հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը, գրում է թերթը։