Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Արցախի դիրքերից մեկում զինվորի մահվան դեպքի մասին: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:
Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս ժամը 05.00-ի սահմաններում զինհոսպիտալում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:





























