Երեւանյան շինարարությունը ջնջում է կանաչապատման բոլոր հետքերը: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նա ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում քաղաքապետարանը նկատելի ծրագրեր է իրականացրել՝ կապված տարածքների կանաչապատման հետ, սակայն գործը մինչեւ վերջ չի հասցվում:
«Մեր չորայի կլիմայի պարագայում ծառերը պետք է մի քանի տարի ջրել: Առայժմ մնան բան տեղի չի ունենում: Իսկ հիմա այնտեղ, որտեղ շինարարություն է իրականացվում, կանաչ տարածքները կարող են ոչնչանալ: Օրինակ, Գետառ գետի հունը, որը փակել են ավտոճանապարհի կառուցման համար: Հենց այնտեղից էին ջուր ստանում Օղակաձեւ զբոսայգին ոռոգելու համար: Իսկ հիմա քաղաքապետարանը մտածում է, թե ինչպես այնտեղ ջուր հասցնել: Իսկ առանց ջրի տնկված 15 ծառերից 10 չորանում են»,-ընդգծել է Դանիելյանը:
Եվս մեկ օրինակ է Հրազդանի կիրճում «Փարվանա» ռեստորանի զբաղեցրած տարածքը: «Տարիներ առաջ ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ հասարակական գործիչներն ու լրագրողներն իրենց ձեռքերով են հավաքել աղբը, ոռոգում եւ էլեկտրականություն անցկացրել, տաղավարներ տեղադրել: Աղբանոցը հանրային այգու էին վերածել: Իսկ հիմա այնտեղ «Փարվանա» հյուրանոցն է «խոյանում»»,-փաստել է բնապահպանը:





























