Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ենթաշրջանի 2000 հեկտար արոտավայրերը եւ 60 հեկտար անտառային գոտին կվերականգնվեն, հաղորդում է «ԷկոԼուրը»: Վերականգնողական աշխատանքները տեղի կունենան «Տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման եւ հարմարվողականության օգուտները Հայաստանում ցուցադրելու նպատակով անտառների եւ արոտավայրերի կայուն կառավարում» ՄԱԿ-ի զարգացման ծրագիր- Եվրոպական միություն (ՄԱԶԾ-ԵՄ) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է համայնքային ռեսուրսների կառավարմանն ուղղված ծրագրերի մշակման միջոցով Հայաստանի լեռնային հատվածներում պահպանել լանդշաֆտը, էկոհամակարգերի բազմազանությունը եւ ամբողջականությունը:
«Մենք փորձում ենք առաջին անգամ ֆորմալ կիրառել էկոհամակարգային մոտեցումը ամբողջական տարածքների վերականգնման համար: Այսինքն՝ մենք չենք նայում արոտավայրը առանձին, անտառը առանձին, մենք նայում ենք կոմպլեքսային ամբողջական վերականգնման սխեման»,- ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ավարտին ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի բնապահպանական կառավարման ծրագրերի քաղաքականության գծով խորհրդական Գեորգի Արզումանյանը: Վերջինս կարեւորեց նաեւ ծրագրով նախատեսված ածխածնի կլանման հաշվառման համակարգի ստեղծումը: «Հողային շերտի բացակայության հիմնական պատճառը ածխածնի կլանման ցուցանիշն է: Մեր ծրագիրը փորձում է այդ մասով գնալ եւ ներդնել ածխածնի մոնիտորինգի այն համակարգը, որը մինչ օրս ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- ասաց Գեորգի Արզումանյանը:
Համաձայն գնահատումների՝ հանդակների վերականգնման արդյունքում հողում ածխածնի կլանման մարդակը կավելանա 14,250 տ ածխածնի չափով: Այս պարագայում հնարավոր կլինի հասնել բուսականության մեջ ածխածնի կլանման աստիճանի աճի՝ 9.200 տ ածխածնով:
Ծրագրի առավելությունների հետ մեկտեղ, Գեւորգի Արզումանյանը նշեց նաեւ որոշ խնդիրներ. «Հիմական խնդիրը, որ ես տեսնում եմ ծրագրի հետագա կայունության խնդիրն է :Համայնքների մակարդակում կա խնդիր՝ րոպեական շահի դեպքում չկա պատասխանատվության աստիճան: Համայնքը չի զգում, որ անտառի տեր ու տիրականն է: Դրա համար իր վերաբումունքը դառնում է ավելի շահագործմանն ուղղված, քան պահպանմանը», -ասաց Գ. Արզումանյանը:
Ծրագիրը դրական գնահատեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը: «Հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն: Սակայն, ընդհանուր առմամբ ծրագիրը շատ դրական եմ գնահատում, հատկապես այն, որ Սեւանի ավազանն է վերցված ծրագրի շրջանակներում, որտեղ մեր ծրագրերն են իրականացվում: Շատ կարեւոր է դրանց համակցումը»,- նշեց Կարինե Դանիելյանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (1 միլիոն եվրո) եւ համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից (100.000 ԱՄՆ դոլար): Ծրագրի տեւողությունը 42 ամիս է(2013-2016):





























