Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը որոշ դեպքերում մեծ դեր է ունենալու ներքաղաքական կյանքում, վերադասավորումները լինելու են այս հարցի շուրջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
Նա նշեց, որ կտեսնենք այն խորը, ընդդիմադիր ուժերը, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ, բայց համաձայն էին Մաքսային միությանը անդամակցելուն, կքննադատեն անձնական մակարդակի վրա եւ կշարունակեն ասել «Սերժ հեռացիր»։ «Խորը հակասություններ չենք տեսնելու։ Իմ կարծիքով՝ գնալով ձեւավորելու է այն քաղաքական թիմը, որոնք հասկանում են թե Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու վտանգը, թե Եվրամիության տնտեսական դաշտ չմտնելու կորուստը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։
Նա շեշտեց, որ ընդդիմության շարքերում վերադասավորումներ են լինելու, «նայեք զգուշավոր հայտարարությունները, դա կապված է այն հանգամանքի հետ, որ քանի որ իրենք ներքուստ համաձայն են Սերժ Սարգսյանի հետ, խնդիրը ուրիշ տեղ են դնում՝ ձեւի, մանրուքների վրա»։
Նա նաեւ նշեց, որ ցանկացած հրաժարական հնարավոր է, նույնիսկ որոշ ընդդիմադիր ուժեր են հրաժարական տալիս։ «Հայաստանում լինելու են հրաժարականներ, ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է պահանջում, այլ Հայաստանը փոխում է իր տնտեսական գիծը եւ դա բերում է արտաքին քաղաքական գծի փոփոխման, օրիենտացիայի։ Եթե մինչեւ դա ներկայացվում էր, որ երկիրը կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, այսօր Հայաստանը բացահայտ հայտարարում է, որ լրիվ պռոռուսական է: Չեմ ասում Ռուսաստանի տակն եմ, կողքն եմ, մեջն եմ, եվրոպական գործիչները ուղղակի ժպտում են եւ ասում, որ մեղք է Հայաստանը»,- ասաց միջազգային փորձագետը։





























