Որքան խանութը մեծ է, այնքան այնտեղի խաղալիքները ավելի մեծ վստահություն են ներշնչում, իսկ փոքր խանութներում, կրպակներում եւ տոնավաճառներում անորակ խաղալիքների առկայության վտանգը մեծ է: Այս մասին սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա` Հայաստանում գոյություն ունի «Պարտադիր սերտիֆիկացման մասին» օրենք, ըստ որի` պարտադիր է բոլոր ապրանքների սերտիֆիկացումը: «Սակայն օրենսդրությունը փոխվել է, եւ այժմ սերտիֆիկացումը նույնպես պարտադիր է, սակայն ոչ սահմանին եւ ոչ միանգամից արտադրությունում: Նախկինում ապրանքները ստուգվում էին սահմանին կամ արտադրման պահից եւ ներմուծվում էին շուկա` արդեն սերտիֆիկացված», - նշել է Արմեն Պողոսյանը` ընդգծելով, որ ներկայումս սերտիֆիկացումը պարտադիր է միայն վաճառքի հանելու պահին, իսկ դա վատ վերահսկողության է հանգեցնում: Ըստ նրա` դա շատ վտանգավոր է, առաջին հերթին երեխաների եւ մանկական խաղալիքների համար: Նա նաեւ նշել է մանկական խաղալիքների պիտակավորման կարեւորությունը: «Շատ հաճախ խաղալիքի վերաբերյալ տեղեկությունը լինում է ոչ հայերենով», - բացատրել է Արմեն Պողոսյանը:





























