Հաջողված կոոպերատիվներում կովերի կաթնատվությունը կրկնակի գերազանցում է Հայաստանի միջին ցուցանիշը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղնախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Գագիկ Խաչատրյանը: Ըստ նրա` նման արդյունքների հաջողվել է հասնել այն 60 գյուղերից մի քանիսում, որտեղ իրականացվում է Գյուղատնտեսական պաշարների եւ մրցունակ համայնքների վարչության ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից եւ սկսվել է 2011թ. ապրիլից: Ծրագրի հիմնական նպատակն է հեռավոր լեռնային տարածքներում արոտավայրերի կազմակերպումը եւ մերձակա արոտավայրերի ծանրաբեռնվածության թեթեւացումը:
«Այդ նպատակով հեռավոր արոտավայրերում անցկացվում են ոռոգման համակարգեր: Ջրամատակարարումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ խոշոր եղջերավոր անասունները կաթնարտադրության համար պետք է օգտագործեն օրական 50 – 70 լիտր ջուր: Որոշ համայնքներում մեկ կովի կաթնատվությունը միջինն ավելացել է տարեկան մինչեւ 3 հազար լիտր», - նշել է Խաչատրյանը:
Հետագայում ենթակառույցը փոխանցվում է գյուղատնտեսական կոոպերատիվներին:
Ծրագրի ընդհանուր արժեքն է 21,3 միլիոն դոլար, որից Համաշխարհային բանկը ֆինանսավորում է 16 միլիոն դոլարը, մնացածը ֆինանասավորում է կառավարությունը եւ գյուղական համայնքները: Նախագծի շրջանակում կոոպերատիվներին նաեւ տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում` արոտավայրերի մշակման եւ անասուններին խնամելու համար: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 6 մարզերում` Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի:





























