Հայտնի է դարձել օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողների ինքնությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր եւ ընկերոջ՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում, դեպքից 16 օր անց միայն քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ քննչական բաժնի ծառայողները, սեպտեմբերի 14-ին պարզել են, որ Միհրան Մարգարյանին եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել եւ վնասվածքները պատճառել են Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Ս. Բաբայանը եւ 39-ամյա Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել եւ հարցրել՝ արդյոք մասնակցո՞ւմ են քաղաքապետարանի առջեւ կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին: