Նախքան խաղալիք ընտրելը, պետք է մի քանի գործոններ նկատի ունենալ: Նախ՝ անվտանգությունը, հետո՝ տարիքային համապատասխանությունը, եւ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն երեխաներին, որոնք ալերգիա ունեն: Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ալերգաբան Աստղիկ Բաղդասարյանը:

« Մինչեւ 1 տարեկան երեխաների համար անվտանգ խաղալիքների մեջ չպետք է լինի «PBC» նյութը, քանի որ այն վնասակար է երեխաների համար: Այն հիմնականում պարունակվում է փափուկ ռետինե խաղալիքներում»,-ընդգծել է բժիշկը՝ հավելելով, որ անվտանգ խաղալիքների վրա պետք է գրված լինի «PBC free»:

Աստղիկ Բաղդասարյանի խոսքով՝ մինչեւ 3 տարեկան երեխաներին հակացուցված են այն խաղալիքները, որոնք բաղկացած են մանր մասնիկներից եւ սուր ծայրեր ունեն: «Փոքրիկների՝ ալերգիկ հիվանդություններ ունեցող ծնողները պետք է խուսափեն փափուկ խաղալիքներից: Դրանք կարող են այնպիսի նյութեր պարունակել, որոնք ալերգիա են առաջացնում: Այս դեպքում խոսքը փոշու տիզի մասին է, որը կուտակվում է հենց փափուկ խաղալիքներում»,-ընդգծել է բժիշկը:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը խորհուրդ է տվել միշտ գերադասել խաղալիքների հայկական արտադրանքը՝ չինականին: