Մալուխի գործարանի փակումը մեծ վնաս է Հայաստանի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Մետալիստ» ընկերության ղեկավար պավել Մալեեւը, որը ՌԴ Տոմսկի մարզի գործարարների պատվիրակության կազմում այցելել է Հայաստան:
«Երեւանը մալուխի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, ինչպես նաեւ կաբելային արդյունաբերության գիտական կենտրոններից մեկը՝ Պոդոլսկի, Սամարայի ու Տոմսկի հետ միասին: Շատ ցավալի է, որ հիմա գործարանն անգործության է մատնված, որովհետեւ ժամանակին Երեւանը արտադրում էր մալուխային արտադրանքի գրեթե ողջ տեսականին: Կրկնակի ցավալի է, որ Հայաստանն ունի իր պղինձը»,-նշել է Մալեեւն ու հավելել. «Նման արտադրությունը պետք էր պահպանել: Մենք մի քանի տարի առաջ աշխատել ենք հայ գործընկերների հետ եւ ուրախ կլինեինք շարունակել համագործակցությունը»,-ամփոփել է Մալեեւը:
«Երեւանմալուխ» ընկերության (նախկին Երեւանի մալուխային արդյունաբերության ԳՀԻ) չի գործում առնվազն 2-3 տարի: Վերջին տարիներին ընկերությունները ֆինանսական եւ սարքավորումների հետ կապված բարդություններ է ունեցել:





























