Գյուղացու համար կոոպերատիվը պետք է նոր բջջային հեռախոսից կարեւոր լինի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում կայացած քննարկման ժամանակ լրագրողներին ասել է Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Գագիկ Խաչատրյանը: Նա չի համաձայնել լրագրողների այն փաստարկներին, ըստ որոնց գյուղացիների մեծամասնությունը անդամավճարները չեն կարողանա վճարել:
«Բերեմ մեկ օրինակ: Համաշխարհային բանկի ծրագրով մենք գնացել էինք հեռավոր Ենոքավան գյուղ` կոոպերատիվների մասին լսումներ անցկացնելու համար: Ինձ հետ էր մարզպետի տեղակալը: Նա նույնպես ինձ ասաց` որտեղից գյուղացիներին գումար: Ես ասացի` հիմա ցույց կտամ», – սկսել է իր պատմությունը Խաչատրյանը:
Գյուղում պատահած առաջին երեխայի մոտ նա բջջային է տեսել, որով 12-ամյա տղան ամսական երեք հազար դրամի խոսում է: «Իսկ ընտանիքում եւս երկու հեռախոս կա: Նշանակում է, միայն հեռախոսների վրա ընտանիքում ծախսում են 10 հազար դրամ եւ ավելի: Ում հետ կարող է խոսել 12-ամյա երեխան: Գյուղացու եւ նրա երեխայի համար լավ չի՞ լինի այդ փողերը տրամադրել կոոպերատիվին: Այդ ժամանակ եւ տեխնիկա կլինի, եւ ենթակառույցներ», – ասել է նա:
Լսումներից հետո Խաչատրյանը գյուղապետից պարզել է, թե որքան են միջինը Ենոքավանում բնակիչները ծախսում հեռախոսի համար: Պարզվել է` ամսական մոտավորապես 1 միլիարդ դրամ (2,5 հազար դոլար): «Ահա եւ ձեր հարցի պատասխանը», – հավելել է պաշտոնյան:
Կոոպերատիվներին չվստահելու փաստարկին Խաչատրյանը պատասխանել է, որ որպես գործընկերներ ընտրվում են արդար եւ աշխույժ ղեկավարներով համայնքները:
Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը պատասխանատու է Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակություն ծրագրի իրականացման համար: Ծրագիրն սկսվել է 2011թ. ապրիլից, դրա ընդհանուր արժեքն է 21,3 միլիոն դոլար: Ծրագրի բաղադրիչներից մեկը կոոպերատիվներին տեխնիկայի մատակարարումն է` մասնավոր վճարումների հաշվին:





























