Հայոց Համազգային շարժման համագումարը հետաձգվում է տեխնիկական եւ քաղաքական պատճառներով: Այս մասին մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀՇ-ն վերածնելու նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա ասաց, որ այժմ բանակցում են այն քաղաքական ուժերի հետ, որոնք համահունչ են իրենց հետ, սկզբունքային գիծ ունեն: «Հետեւեք, որ ուժերն են հայտարարել, որ Մաքսային միություն մտնելու գիծը սխալ է, «Հանրապետությունն» է, մենք՝ ոչ որպես կուսակցություն, այլ որպես նախաձեռնող խմբի անդամներ, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները»,- նշեց նա:
Հովհաննես Իգիթյանը չի կարող ասել, թե երբ կլինի վերաձեւավորված ՀՀՇ-ն, դժվարություններ կան տեխնիկական եւ քաղաքական առումով, բայց «եթե ցանկությունը կա, ապա շուտափույթ կլինի»: Չնախանշելով կոնկրետ ամսաթիվ՝ նախաձեռնող խմբի անդամն ասաց, որ ամեն դեպքում կփորձեն մինչեւ տարեվերջ անել ՀՀՇ համագումարը:
Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր օգնությանը ՀՀՇ-ն վերածնելու գործում, քաղաքական գործիչն այսպես արձագանքեց. «Վարչապետը ՀՀՇ-ի թե ձեւավորմանը, թե անդամությանը, չեմ կարծում, որ լինի: Եթե հրաժարական տա, դուրս գա, փորձի վերադառնալ իր քաղաքական ակունքներին, ինքը լինելու է ԱԺՄ-ի անդամ, որովհետեւ ինքը այդ թիմի անդամ է: Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունն այնպիսի համակարգ է ստեղծել, որտեղ, իմ կարծիքով, նույնիսկ սկզբունքային մարդիկ սկզբունքը փոխում են եւ հրաժարական չեն տալիս, ծառայում են այն հրամակարգին կամ ցուցումին, որը իջեցվում է վերեւից եւ շարունակում են նույն եռանդով արդարացնել, բացատրել մի գիծ, որը լրիվ հակասական էր իրենց համար: Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր ակտիվ եւ պրոֆեսիոնալ ձեւով աշխատում էին Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի շուրջ: Այսօր չեմ կարծում՝ նրանք հրաժարական տան, նույն ձեւով կաշխատեն Մաքսային միության շուրջ»:
Նա նաեւ նշեց, որ ՀՀԿ-ում հակասություններ միշտ եղել են, բայց դրանց իրականացումը մինչ այս պահը չենք տեսել: Որպես օրինակ՝ նախաձեռնող խմբի անդամն ասաց, որ երբ 2008թ Եվրախորհրդում առաջ էր տանում քաղբանտարկյալների, մարտի 1 դեպքերի հետ կապված բանաձեւերը, Հայաստանի պաշտոնական պատվիրակության ՀՀԿ-ական թեւի մարդիկ հոգով իր կողքին էին, «այնպես չէ, որ ցանկացած ՀՀԿ-ական ցանկանում է, որ քաղբանտարկյալը նստի, բայց երբ գալիս է խորհրդի նիստը, միաձայն քվեարկում են: Ցավոք, ընդդիմադիր կուսակցությունների մեջ էլ կա, մի բան են մտածում, հետո հանկարծ վոժդը մի այլ բան է ասում, փոխում են տեսակետը»:
«Հայաստանը փոքր երկիր է, անձնապես ճանաչում ենք իրար, ես էլ այն մարդը չեմ, որ եթե սեղանի շուրջ նստած ենք, ՀՀԿ-ական է լինում, ասում եմ՝ Սերժ հեռացիր ու ինքս հեռանում եմ: Ես շարունակում եմ նստել, մենք զրուցում ենք, որովհետեւ առնվազն ուզում ես իմանալ իրենց կարծիքը, ցավոք ՀՀԿ-ում անձնական կարծիքը որեւէ նշանակություն չունի»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:





























