Թբիլիսիի թիվ 103 դպրոցը, որտեղ կան հայալեզու դասարաններ, հնարավոր է, այլ շենք տեղափոխվի, իսկ մինչ այդ, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այնտեղ հնչել է առաջին զանգը: Այս մասին հաղորդում է «Վրաստանի հայ համայնք» միությունը:
Համայնքի փոխանցմամբ՝ հայալեզու առաջին դասարանը 8 քմ մակերեսով նեղ սենյակ է, ծնողների մեկնաբանմամբ՝ «մեկուսարան»: «Սենյակն այնքան փոքր է, որ նույնիսկ անհնար է պատից գրատախտակ կախել եւ այն (գրատախտակը) հենած է միակ պատուհանին: Առաջին դասարանի դասղեկ Լուիզա Մուրադյանի խոսքով, մեկ ամիս հետո առաջին դասարանցիները կտեղափոխվեն ավելի նորմալ դասասենյակ: Միեւնույն ժամանակ Լուիզա Մուրադյանը համառորեն խնդրեց չբարձրաձայնել, թե առաջին դասարանցիները ինչ պայմաններում են ստիպված սովորել: Նրա խոսքով, այս տեղեկության բարձրաձայնումը չի խթանի հայալեզու կրթության ժողովրդականացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2013թ. մայիսի դրությամբ՝ 16 ծնող հայտնել էր ցանկություն իր երեխային տանել հայալեզու առաջին դասարան, սակայն այսօր դասասենյակ է մտել ընդամենը 10 երեխա:
«Ծնողների մի մասը վերջին րոպեին մտափոխվեց երեխաներին բերել մեր դպրոց: Մի քանիսը տեղափոխվեցին արտասահման: Ուզում եմ ասել, որ այն ծնողները, որոնց երեխաները այսօր սովորում են հայալեզու բաժնում, հավանաբար իրենց երեխաներին տեղափոխեն այլ դպրոց: Երկլեզու դասագրքերը բաժանվեցին դասարաններում եւ ծնողներն այս փաստի վերաբերյալ արտահայտեցին իրենց դժգոհությունը: Նրանք ասում են, որ չեն տիրապետում հայոց լեզվին եւ այս դասագրքերով չեն կարող օգնել իրենց երեխաներին: Պատրաստվում ենք դիմել նախարարությանը, որպեսզի փոխեն դասագրքերը վրացերեն դասագրքերով»,- նշել է դպրոցի ուսմասվար Հասմիկ Պապիկյանը:
Նրա խոսքով, դպրոցը հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր չի ստացել, իսկ համակարգիչները, որոնք պետական ծրագրի շրջանակներում պետք է տրվի յուրաքանչյուր առաջին դասարանցու, արդեն ստացել են, բայց դեռ չենք բաժանել աշակերտներին:
Նշենք, որ Կրթության եւ գիտության նախարարությունը մինչ օրս քննարկում է 110-րդ դպրոցի դեօպտիմալացման հարցը:





























