Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Եվրասիական միությանը Վրաստանի հնարավոր անդամակցության մասին իր հայտարարությունը «կատաղեցրել է ընդդիմությանը»: Այս մասին նա հայտարարել է լատվիական «Տելեգրաֆին» տված իր հարցազրույցում:
«Քաղաքականության մեջ իմ առաջին իսկ օրերից հայտարարել եմ, որ Վրաստանի ռազմավարությունն ուղղված է եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելուն: Երբ ինձ հարցրել էին Եվրասիական միության մասին, ես ասել էի, որ կուսումնասիրենք բոլոր հնարավոր տարբերակները եւ եթե տեսնենք, որ դա չի հակասում մեր ռազմավարությանը, շահավետ եւ օգտակար է մեր երկրի համար, այդ դեպքում ինչո՞ւ ոչ: Կարող եմ կրկնել նույն բանը: Որտե՞ղ է այստեղ հակասությունը:
Հայաստանը վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը: Ամեն ինչ պետք է դիալեկտիկորեն դիտարկել. Չէ՞ որ Ռուսաստանն էլ առանց Եվրոպայի չի կարող, վաղ թե ուշ Ռուսաստանն էլ կգա թե դեպի Եվրամիություն, թե դեպի ՆԱՏՕ: Գլոբալ քաղաքականության տրենդերը փոխվել են: Այո, այժմ Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՆ եւ Եվրոպայի հետ բարդ են, սակայն ամեն ինչ կարող է արագ փոխվել»,-հավաստիացրել է Իվանիշվիլին, փոխանցում է «Ինտերպրեսսնյուսը»:





























