Երեւանի քաղաքապետարանը հաշվի է առել «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի ծանուցումը սեպտեմբերի 20-ին 18:00-ից մինչեւ 20:00-ն հանրահավաքի անցկացման մասին, սակայն Ազատության հրապարակի փոխարեն, որտեղ այդ օրը մեկ այլ հավաք է նախատեսվում անցկացնել, նշվել է Շառլ Ազնավուրի հրապարակը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հենց Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով, այս պահին իր կուսակիցները բանակցություններ են վարում «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ, որը նույնպես նախատեսում է սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, այդ հարցի շուրջ համաձայնության գալու համար. «Մեզ համար անընդունելի է հանրահավաքի անցկացումը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Բոլորը գիտեն, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել Հայաստանի ազատության ու անկախության համար, եւ Անկախության օրվա առթիվ միջոցառումն անցկացնել մեկ այլ վայրում անընդունելի է: «Ժառանգությունում» մեզ առաջարկել են համատեղ հանրահավաք անցկացնել. այժմ մենք քննարկում ենք ինչ ասել է, թե համատեղ հանրահավաքը»:





























