Թուրքիայի ռազմական օդուժը սիրիական ուղղաթիռ է խփել, որը, ըստ թուրքական կողմի հայտարարությունների, խախտել էր երկրի օդային տարածքը:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե թուրք զինվորականները մի քանի անգամ զգուշացրել են օդաչուներին՝ երկրի օդային տարածքը լքելու անհրաժեշտության մասին: Օդանավը, իբր, Թուրքիայի տարածք խորացել է մոտ երկու կմ: «Օդային տարածքը խախտած սիրիական ուղղաթիռը խփվել է Մալաթիայի ռազմակայանից օդ բարձրացած ինքնաթիռի կողմից»,- ասել է Առընչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Հաթայ նահանգի Յայլըդաղ քաղաքի քաղաքապետին, հայտնել էին, որ սիրիական ուղղաթիռն ընկել է թուրքական սահմանից 400 մետր ներս: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող գոտում: Երկու օդաչուները կատապուլտվել են, սակայն սպանվել էին «Սիրիական ազատ բանակի» զինյալների կողմից: