Օգոստոսի սկզբին էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է իրականացրել հանրապետության գազալցակայաններում՝ բաշխիչ աշտարակների առկայությունը ստուգելու համար։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
«Մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել է։ «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես Գագիկ Ծառուկյանին է պատկանում, 3 կետերից 2-ում արդեն տեղադրել է աշտարակներ, մեկն էլ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարանին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծես չի հետեւում իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի օրինակին եւ ոչ էլ շտապում է իրեն պատկանող երեք գազալցակայաններում տեղադրել աշտարակներ։ «Առավոտի» տեղեկություններով, ԱԺ նախագահի ընտանիքին են պատկանում «Արգ-Լեւ-Գազ», «Արաշագ» եւ «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների՝ Արտաշատում գործող ԱԳԼՃԿ-ները։
«Առավոտի» տեղեկություններով, վարչապետը «մարտական է տրամադրված» եւ վերջնական որոշել է՝ այս ոլորտում այլեւս ոչ ոք արտոնյալ չի գործելու։
Երբ ավարտվել էր էկոնոմիկայի նախարարության մոնիտորինգը, Տիգրան Սարգսյանը արձակուրդում էր, եւ նախարարությունը սպասում էր վարչապետի վերադարձին, որպեսզի հատ-հատ զեկուցեր եւ նրա «դաբրոն» ստանար՝ գործի անցնելու։ Սակայն հիմա, երբ վարչապետը վաղուց արձակուրդից վերադարձել է, էկոոմիկայի նախարարն է վատառողջ։ Իսկ Հովիկ Աբրահամյանի բիզնեսին «կպնելու» հարցը նախարարի տեղակալների մակարդակով չի կարող քննարկվել վարչապետի հետ, ուստի սպասում են Վահրամ Ավանեսյանի ապաքինմանը»,-գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























