«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորրդ Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Այժմ ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում են, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից։ Չարենցավանի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվը նվազել է՝ հասնելով 6-7-ի։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասաց, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։ «Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը»,- նշեց մամլո խոսնակը։
Հավելենք, որ շուրջ երկու տարի է, ինչ «գծապայքար» էր սկսվել Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջեւ։ Ու, փաստորեն, սանիկը հաղթում է քավոր Ծառուկյանին»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























