Սեպտեմբերի 13-ին Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ։

Ազատամարտիկների ռազմադաշտային խորհդից հայտնում են, որ նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները, ներկա քաղաքական իրավիճակը, ՀՀ իշխանությունների՝ այս իրավիճակին համարժեք չլինելը, «Հանրապետություն» կուսակցության՝ ազատամարտիկների շարժմանը զորակցելու հարցը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցությունների՝ կլոր սեղանի շուրջ հանդիպելու հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են կուսակցության «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամները: Հանդիպումը անցել է փոխըմբռնման մթնոլորտում:

Քանի որ «Ժառանգություն» կուսակցությունն, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջիններից է արձագանքել ձեւավորված շարժմանը եւ հայտարարել ազատամարտիկների նախաձեռնությանը միանալու եւ աջակցելու մասին, սեպտեմբերի 14-ին Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներն արդեն իսկ աշխատանքային հանդիպում են ունեցել Րաֆֆի Հովհանիսյանի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հետագա քայլերը, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեպտեմբերի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած, անկախության 22 ամյակին նվիրված «Անկախությունը երեկ եւ այսօր» թեմայով հանրահավաքին ազատամարտիկների մասնակցության վերաբերյալ:

Ազատամարտիկների հերթական համահավաքը կայանալու է սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում: