Երեւանի քաղաքապետարանը ստեղծում է հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցով հանձնաժողովը: NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնել է Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Իսկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից հեռախոսով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Եղիազարյանի խոսքով՝ քաղաքապետարանն արդեն հրավեր է ուղարկել միությանը, որտեղից երեք հոգի կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքին՝ Եղիազարյանն ինքը եւ երկու մասնավոր ընկերությունների ղեկավարներ Հարություն Առաքելյանը եւ Աշոտ Արշակյանը:

Միաժամանակ, քաղաքապետարանն առայժմ հրավերներ չի ուղարկել սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որոնք ակտիվ քննարկում են ուղեվարձի թանկացման հարցը: Մասնավորապես, հրավեր չեն ստացել «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, հուլիսի 7-ին գազի թանկացումից հետո քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշում էր ընդունել՝ 100 դրամը դարձնելով 150: Հուլիսի 20-ին ուժի մեջ մտած որոշման գործողությունը կասեցվել էր հինգ օր անց՝ հարյուրավոր երիտասարդ ակտիվիստների բողոքի ցույցերի  շնորհիվ: Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ հարցը կքննարկի այդ նպատակով ձեւավորվելիք հատուկ հանձնաժողովը, որում ընդգրկված կլինեն իշխանությունների, առեւտրային եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ: