Անառակաբորո գործողությունների հանցակազմը այսօր շատ տարածված է, բայց դրա մասին շատ քիչ հայտարարություններ են լինում իրավապահ մարմիններում:Այս մասին այսօր` սեպտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ քննարկելով «ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը»:
Նրա խոսքով, սա շատ մտահոգիչ է նաեւ այն առումով, որ համացանցը մտել է գրեթե յուրաքանչյուրի տուն: «Միշտ չէ, որ ծնողը վերահսկում է, թե իր երեխան ինչ է կատարում ինտերնետում: Շատ հաճախ անառակաբարո գործողությունները լինում են, ոչ միայն ֆիզիկական, այլեւ ինտելեկտուալ: Զրույցներ են վարում համապատասխան թեմաներով, որպեսզի երեխայի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն է առաջանում: Սակայն դա նույնպես անառակաբարո գործողություն է: Դրա համար մենք որակեցինք նոր հանցակազմ` անառակաբարո գործողությունները էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























