Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախագծով Հայաստանը պարտավորվել է 10 տարի հետո «կոնյակ» անվանումով խմիչքներ չվաճառել ներքին շուկայում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում «կոնյակ» բառի օգտագործմանը, ապա, ըստ Ա. Հարությունյանի, դա կախված է ռուս-ֆրանսիական հարաբերություններից: «Եթե Մաքսային միությունում չլինենք, մեր կոնյակը ոչ ոքի պետք չէ: Բայց մի օր կարող են նրանք էլ արգելել կոնյակ բառի օգտագործումը, ու հետեւանքները դուք կռահեք»,- ասաց Ա. Հարությունյանը:

Ի տարբերություն կոնյակի, որի 90%-ը սպառվում է Մաքսային միությունում, հայկական գինու խնդիրներն ուրիշ են: Հայկական գինու մեկ երրորդը առաքվում է Եվրոպա, ու ընդամենը 1 մլն շիշ՝ դեպի Ռուսաստան: «Եթե գինու որակը բարձրացնենք, ապա 3-4 մլն շիշ կարող ենք արտահանել Եվրոպա»,- ասաց Ա. Հարությունյանը: