Հայ հեղափոխական դաշնակցությունը սկսում է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի նպատակն է կասեցնել արտագաղթը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա շեշտեց, որ այժմ արտագաղթի այնպիսի տեմպեր են արձանագրում, որ դրա օր առաջ կասեցումը անհրաժեշտ է մեր երկրի ապագայի համար։ «Այդ մարտահրավերը, որ այսօր մեր առջեւ կանգնած է, դրա ամբողջական ծավալների գնահատումը, վերացման գիտակցությունը այսօր հրամայական է, դրանից ելնելով էլ՝ ՀՅԴ-ն մի քանի ամիս է՝ աշխատում է  այս ծրագրի վրա, անցկացրել ենք լուրջ քննարկումներ մասնագիտական տարբեր հարթակների վրա, հիմա անհրաժեշտ է նոր փուլ, նոր էտապ սկսել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ արտագաղթը կոմպլեքս խնդիր է, եւ պետք է լուծել արտագաղթի պատճառ հանդիսացած խնդիրները։ Իսկ քաղաքական համակարգն այնպիսին է, որ թույլ չի տալիս արտագաղթի հիմքում ընկած խնդիրները օր առաջ լուծվեն, պատճառը՝ «իշխող կուսակցության եւ պետության նույնացումն է, որից պետք է օր առաջ ազատվել»։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ արտագաղթը նման է օրգանիզմի արյունահոսության, «մենք արյունահոսում ենք, չի կարելի թույլ տալ, որ դա հանգեցնի արյունաքամության, իսկ օրգանիմզը մեր երկիրն է, մեր պետությունը, մեր հայրենիքը»։ Նա նշեց, որ սպասել մինչեւ իշխանափոխության ծրագիրը իրականացվի, սխալ մոտեցում կլինի, դրա համար անհրաժեշտ է՝ առաջնահերթ քայլեր ձեռնարկվեն։ ՀՅԴ-ն այս ամենը ամփոփել է յոթ կետերի մեջ եւ հենց դա էլ դեղատոմսն է, որը լուծելու է կուտակված խնդիրները։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am