Սեպտեմբերի 20-ին Երեւանի Ազատության հրապարակում կկայանա համազգային բողոքի շարժում, որն իրականցվում է երկրում արդարությունը վերականգնելու համար: Այս մասին սեպտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ կուսակցությունը տեղեկացրել է քաղաքապետարանին հանրահավաքի մասին, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ այլ քաղաքական ուժեր չեն կարող մասնակցել համազգային բողոքական շարժմանը. «Շատ երիտասարդներ՝ այլ կուսակցություններից, մասնակցելու են միջոցառմանը»:
Այն հարցին, կարող է արդյոք Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշ քաղաքական ուժերի դժգոհությունը միավորել նրանց՝ իշխանության դեմ պայքարելու, Հովհաննիսյանը հստակ պատասխան չի տվել եւ եւս մեկ անգամ կրկնել է, որ «համազգային բողոքական շարժմանը կմասնակցեն տարբեր քաղաքական կուսակցություններ»: Նա միաժամանակ ընդգծել է, որ միջոցառման օրակարգում է նաեւ Մաքսային միությանն անդամակցելու հարցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 20-ին 18:00-ին «Ժառագնություն» կուսակցությունը Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Այն նվիրված է Հայաստանի անկախությանը եւ երկրում ստեղծված իրավիճակին: Միջոցառումը կանցկացվի «Ազատություն, արդարություն, անկախություն» կարգախոսով:





























