Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքում հայտարարվել է անձնակազմի տարհանման մասին: Աշխատակիցների մի մասն իրավապահների պահանջով արդեն լքել է շենքը:
Հեռուստաընկերության մամուլի ծառայության ղեկավար Խաթիա Քվաթաձեն հայտնել է, որ ոստիկաններ էին եկել եւ ասել, որ ամեն ինչ նույն սցենարով է կրկնվում. մի քաղաքացի զանգահարել է «112» ծառայություն եւ հայտնել «Մաեստրոյում» տեղադրված ռումբի մասին: Նա նաեւ հայտնել է, որ դրա պատճառով լուրերի առաջիկա թողարկումը եթեր չի հեռարձակվի, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից սկսած Վրաստանում ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգերի համաճարակ է բռնկվել. «Իմեդի» եւ «Ռուսթավի2» հեռուստաընկերություններն արդեն երկու անգամ «ականապատել են», տարհանվել են Քութայիսիի խորհրդարանի եւ Թբիլիսիի օդանավակայանի անձնակազմերը: Այսօր առավոտյան ռումբ են փնտրել ProСredit Bank-ի մասնաճյուղերից մեկում: Բոլոր դեպքերում էլ ահազանգերը կեղծ են եղել, իսկ հեռախոսային «ականապատողները» սովորաբար անչափահասներ են եղել:





























