Մի քանի օր առաջ Հալեպում երեք հայի են առեւանգել: Այս մասին NEWS.am-ին է հայտնել Հալեպի հայ համայնքի աղբյուրը: Ըստ նրա՝ Հովսեփ Մուրադյանը, Գեւորգ Հայրապետյանը եւ Տիգրան Բերբերյանն առեւանգվել են Հալեպի Շեյխ Նաչար թաղամասից: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ մեկ ամիս առաջ Հալեպի ծայրամասում սիրիական ընդդիմության գրոհայիններն առեւանգել էին Թուրքիայով Հայաստան մեկնող երկու հայ պատանու:
Նշենք, որ Սիրիայում նախքան արյունալի իրադարձություններն սկսվելը ընդհանուր առմամբ բնակվում էր շուրջ 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էին Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթակիայում, Հոմսում, Քամշլիում, Խասակեում, Յակուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ մայրաքաղաք Դամասկոսում:





























