Երեւանի քաղաքապետարանն ու տրանսպորտի նախարարությունը որեւէ ճնշում չեն գործադրում մասնավոր տրանսպորտային ընկերությունների վրա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Դավիթ-երթուղային տաքսի» տրանսպորտային ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը:

Ընդգծենք, որ երեւանյան քաղաքային ավտոտրանսպորտի ընկերությունները վերջին ամիսներին հայտարարում են, որ 2008-ից ի վեր վնասով են աշխատում: Սակայն անցած տարիներին  տրանսպորտի ոլորտում քաղաքապետարանի բոլոր մրցույթներին եւ 2011-ին Երեւանի նոր տրանսպորտային ցանցի ձեւավորման ժամանակ ընկերությունները մայրաքաղաքային իշխանությունների առաջ ուղեվարձի թանկացման հարց չեն դրել:

Այն հարցի, արդյոք քաղաքապետարանն ու տրանսպորտի նախարարությունը չեն համոզել սպասել մինչեւ ընտրություններն անցնեն, տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նման բան չի կարող լինել:

 «Բոլոր տրանսպորտային ընկերությունների անունից հայտարարում եմ, որ մեզ վրա ոչ ոք ճնշում չի գործադրել»,-ասել է Առաքելյանը: Նրա խոսքով՝ տրանսպորտը նույն ճշգրտությամբ է աշխատել վերջին հինգ տարիների ընթացքում: «Մենք պայքարում ենք մեր ընկերության եւ ուղեւորների շահերի համար: Ձեր նշած կազմակերպություններից ոչ մեկն էլ չի կարող մեզ վրա ճնշում գործադրել: Հակառակ դեպքում մեքն այլ բիզնեսով կզբաղվենք»,-հավելել է Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս քաղաքապետարանը պատրաստվում է հանձնաժողով ձեւավորել՝ դիտարկելու ուղեվարձի սահմանման հարցը: Այժ այն կազմում է 100 դրամ, սակայն գծատերերը հայտարարում են, որ շահույթով աշխատելու համար այն պետք է կազմի գոնե 150 դրամ: Դա բնակչության շրջանում դժգոհություններ է աառաջացնում: