Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը ղարաբաղյան հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին իրադրության լարվածության կողմնակից է: Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչ կտա դա Ադրբեջանին, ապա մենք միշտ էլ ասել ենք եւ հայտարարում ենք. քանի դեռ կան լարվածության օջախներ, կորուստների համար պատասխանատու է Ադրբեջանը», - ընդգծել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն, հայտարարելով, որ շփման գծում փոխհրաձգությունների հետեւանքով իբր Հայաստանը երկու անգամ ավելի կորուստ էր ունեցել, քան Ադրբեջանը, կարծիք էր հայտնել նաեւ միջազգային կազմակերպությունների՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու պահանջի մասին: «Ադրբեջանը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դա անել: Մենք չենք հեռացնի դիպուկահարներին՝ մինչեւ պատերազմի ավարտը»:





























