Երեւանում, 2011թ-ի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված եւ դատապարտյալների հիվանդանոցում 2013-ի սեպտեմբերի 6-ին մահացած Արման Դալաքյանի հարազատներն այսօր` սեպտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անհամաձայնություն են հայտնել, որ Արման Դալաքյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվի մեղադրական հիմքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսոյանը:
Փաստաբանը նաեւ նշեց, որ Արմանի հարազատները պահանջել են, որ դատարանը Արման Դալքայանի մասով դատավճիռը կայացնելիս նրան արդարացնի: Դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի փաստաբանը, այլ դատական նիստի է եղել եւ ավելի վաղ այդ մասին դատարանին տեղեկացրել է:
Ավելի վաղ Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը մինչեւ Եվրադատարան բողոքարկելու է, քանի որ իր որդին բանդայի անդամ չէ: Արման Դալլաքյանին, հոր խոսքով, ոստիկանությունում ծեծի էին ենթարկել, նա նույնիսկ ինքնասպանության փորձ էր արել: Արմանը ուներ 3 անչափահաս երեխա, մայրը մանկավարժ է, իսկ ինքը խոհարար էր:




























