Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որը մասնակցել է Մոսկվայում հայկական վանական համալիրի բացման արարողությանը, Ռուսաստանի հայ համայնքին հոգեւոր բարգավաճում է մաղթել եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ կապը կամրապնդվի՝ երկու երկրների եկեղեցիների հարաբերությունների զարգացման միջոցով:

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդը այսօր մասնակցել է նոր տաճարի օծման արարողությանը:

«Խորապես համոզված եմ, որ մեր երկրների եկեղեցիների հետագա զարգացումը, համատեղ աշխատանքը, համատեղ նախագծերի իրականացումը  կնպաստի մեր ժողովուրդների հոգեւոր աճին, հետեւաբար նրանց միջեւ կապերի ամրապնդմանը: Խոսքն այն կապերի մասին է, որոնք շատ ավելի ամուր են ցանկացած տնտեսական եւ քաղաքական կապերից»,-ասել է պատրիարքը տաճարի օծումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատրիարքը կարծում է, որ մարդկությունը թեւակոխել է մի ժամանակաշրջան, երբ Աստծո գաղափարները խստորեն մերժվում են: Իսկ հավատացյալ մարդկանց խնդիրն է ապացուցել ամբողջ աշխարհին եւ իրենք իրենց, որ Աստծո գաղափարները կենդանի են:

Նա հայկական համայնքին մաղթել է «հոգեւոր բարգավաճում, հավատի ամրապնդում»: