Երեւանում, 2011թ-ի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված եւ դատապարտյալների հիվանդանոցում 2013-ի սեպտեմբերի 6-ին մահացած Արման Դալլաքյանը վերջին անգամ մոր հետ նրա ծննդյան օրն է խոսել` օգոստոսի 28-ին եւ նրա առողջություն եւ երկար տարիների կյանք ցանկացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմանի մայրը՝ Սուսաննա Դալլաքյանը:
«Իր քաղցր լեզվով ասաց. «Մամ ջան, կյանքիդ մեռնեմ, ցավդ տանեմ», թեեւ միշտ էր այդպես ասում: Միշտ բարկանում էի, ասում էի. «Նման բան մի ասա, Արման ջան, ես պետք է ասեմ»: Ասացի. «Արման ջան, ոնց որ ձայնդ դուրս չի գալիս», ասաց. «Չէ, լավ եմ, ուղղակի քնիցս նոր եմ արթնացել»:
Տիկին Սուսաննան նշեց, որ որդին քարի պես առողջ էր եւ երբեք չէր հիվանդանում: Վերջին շրջանում միայն դժգոհել է, որ ջերմություն ունի եւ արյան անալիզներից պարզվել էր, որ հեմոգլոբինը ցածր է եղել, իսկ լեյկոցիտները՝ բարձր: «Բայց դա չէր կարող մահվան պատճառ դառնալ: Նա իր բնավորության համաձայն, երբեք չէր ասի, որ իր մի տեղը ցավում է, որ չանհանգստանանք: Ատամն էլ ցավեր՝ չէր ասի»,- ասաց Արմանի մայրը եւ ավելացրեց, որ սեպտեմբերի 1-ին էլ կնոջ հետ է խոսել եւ ոչ մի առողջական դժգոհություն չի ներկայացրել:
Արմանի մայրը նաեւ տեղեկացրեց, որ ոչ մի բան էլ չի պատրաստվում անել, քանի որ դեռ թոռներ ունի մեծացնելու:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արման Դալլաքյանի հարազատներ սեպտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անհամաձայնություն են հայտնել, որ Արման Դալլաքյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվի մեղադրական հիմքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսոյանը եւ ավելացրել, որ Արմանի հարազատները պահանջել են, որ դատարանը Արման Դալլաքյանի մասով դատավճիռը կայացնելիս նրան արդարացնի:
Ավելի վաղ էլ Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը մինչեւ Եվրադատարան բողոքարկելու է, քանի որ իր որդին բանդայի անդամ չէ: «Ես չգիտեմ իրական բանդայի անդամներին են բռնել, թե` ոչ, բայց իմ տղան անմեղ է: Նրան արդեն Սովետաշենի հոսպիտալից դուրս են գրել եւ տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նույնիսկ չթողեցին, ստացիոնար բուժում անցնի: Անմեղ մարդկանց ձերբակալելով փորձում են ղեկավարությանը ցույց տալ, թե գործ են կատարում: Բայց ի՞նչ իրավունք ունեն անմեղ մարդուն ձերբակալեն եւ այնքան ճնշեն, որ մեղքն իր վրա վերցնի: Մինչ Եվրադատարան պետք է բողոքեմ, որ տղայիս անմեղությունն ապացուցեմ»,- ավելացրել էր Ալբերտ Դալլաքյանը: Վերջինս նաեւ հիշեցրել էր, որ իր որդին` Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ է արել: Մինչ այդ, ըստ նրա, մի քանի հոգով հարձակվել էին վրան, ծեծել, կողոսկրերը ջարդել, ինչի արդյունքում հաստ աղիքն ու թոքը ծակվել էին: Արմանը ուներ 3 անչափահաս երեխա, մայրը մանկավարժ է, իսկ ինքը խոհարար էր:NEWS.am-ը նաեւ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:





























