Սեւանա լճի ափի «Գոռ» խորտկարանում, 36-ամյա Սարգիս Կոշկարյանը ծեծի է ենթարկել Կարինե Ղ.-ին: Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 36-ամյա Սարգիս Կոշկարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով Սեւանա լճի ափի «Գոռ» խորտկարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, իր անձի առավելությունը ընդգծել տուժող Կարինե Ղ.-ի նկատմամբ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ, դիտավորությամբ վնասել խորտկարանի գույքը, պոկել վարագույրը եւ գետնին թափել սեղանին գտնվող ապրանքները:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























