Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային գրասենյակի պետի ժամկետավոր պաշտոնակատար Արմեն Ադամյանը, նախնական համաձայնության գալով նույն գրասենյակի օպերատոր Էդիկ Դարբինյանի հետ, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից հափշտակել են 111 000 դրամ գումար: Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Արմեն Ադամյանին եւ Էդիկ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արմեն Ադամյանը 2012թ. հունիսից աշխատելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարտունու տարածքային գրասենյակում, որպես պետի ժամկետավոր պաշտոնակատար, նախնական համաձայնության գալով նույն գրասենյակի օպերատոր Էդիկ Դարբինյանի հետ, 2013-ի փետրվարից մինչեւ 2013թ. ապրիլի 22-ն ընկած ժամակահատվածում խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից հափշտակել են զգալի չափի` 111.000 դրամ գումար:
Այդ գումարից Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղի բնակիչ Վոլոդյա Եղիազարյանից հափշտակել են 5.200 դրամ, Արամ Ֆարմանյանից՝ 2.900 դրամ, Գեղամ Ղազարյանից՝ 8.400 դրամ, Կամո Մարտիրոսյանից՝ 5.000 ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներ Մայիս Իսպիրյանից՝ 10.100 դրամ եւ Հունան Հովհաննիսյանից՝ 9.100 դրամ, Ձորագյուղ գյուղի բնակիչ Առաքել Առաքելյանից՝ 4.900 դրամ, Լիճք գյուղի բնակիչ Թաթուլ Արսենյանից՝ 1.100 դրամ, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչներ Արամ Բարբառյանից՝ 11.000 ՀՀ դրամ, Վանիկ Բարբառյանից՝ 5.000 ՀՀ դրամ, Սեյրան Մելոյանից՝ 6.900 ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ Վալյա Շահբազյանից՝ 36.400 ՀՀ դրամ գումար:
Այսինքն` նրանք կատարել են հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 1.1-ի կետով (խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է 4-8 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 17-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























